ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԼԱՎ ՎԻՃԱԿ ԼԻՆԻ»

«ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԼԱՎ ՎԻՃԱԿ ԼԻՆԻ»
17.11.2009 | 00:00

Պարզվում է` սպասվող տարին նույնքան հետաքրքիր է լինելու վերահսկվելու առումով, որքան անցնող տարին էր: Նույնիսկ ավելին: Որովհետև ծրագիրը, որը երեկ ԱԺ-ի քննարկմանն էր ներկայացրել Վերահսկիչ պալատը` 2010-ի կտրվածքով, բավականին հետաքրքիր «թեմաներ» էր պարունակում:
Այսպես, հենց այն օրը, երբ հայրենի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հաստատեց նույնքան «էկզոտիկ» մի նրբություն` փոփոխություններ կատարելով ՎՊ-ի մասին օրենքում, ըստ որի` այսուհետև Վերահսկիչը քրեաիրավական ցանկացած կասկածի դեպքում պարտավոր է գործերն ուղարկել դատախազություն (մինչ այդ կիրառվում էր «կարող է» եզրույթը), նույն օրը, մի քանի րոպե անց, ԱԺ-ում ՎՊ-ի նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ պատգամավորներին տեղեկացրեց, թե արդեն «կոնկրետ» թեմաների հետևից գնացող Վերահսկիչն այս տարի ում է «ստուգելու»` նույնքան բուռն և երկարատև, ինչպես եղել է ցայսօր:
Այսպիսով, 2010-ին ՎՊ-ի հետ «գործ» կունենան ԱԺ-ի և կառավարության աշխատակազմերը, տարածքային կառավարման նախարարությունը, հատուկ քննչական ծառայությունը, ԿԸՀ-ն, ճանապարհային ոստիկանությունը, գիտության և կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, «վարկային ծրագրերը» և այդպե՜ս շարունակ։ Դրանք այն «թեմաներն» են, որոնք ՎՊ-ն երկու-երեք տարվա կտրվածքով չի ուսումնասիրել:
Հա, մոռացանք, կար նաև «մի կին ատամնատեխնիկ», որն ուսումնասիրվում է գրեթե երկու տարի անընդմեջ: Ըստ այդ ծրագրի` կվերահսկվի մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման գծով պետպատվերը (պարզ է` մի Վահանավանքով, Քոբայրով ու Հնեվանքով հնարավոր չէր ոլորտը համապարփակ ստուգված համարել, և ՎՊ-ի պատասխանատուները, ոնց երևում է, որոշել են խնդիրը գլխից բռնել և ծանոթանալ ոլորտի ողջ տեսլականին):
Ծրագիրը հիմնականում արժանացավ պատգամավորների առայժմ բանավոր «ադաբրյամսին» (քվեարկությունը` առաջիկա օրերին)։ Բոլոր պատգամավորները, առաջարկ-հարցադրումներին զուգահեռ, նաև իրենց սուրբ պարտքն էին համարում արձանագրել, որ ՎՊ-ն բավականին կարճ ժամանակում ապացուցեց, որ կայացած կառույց է, նրա ուսումնասիրությունները «սառը ցնցուղ» էին, որից դեռ ուշքի չեն գալիս շատերը, մյուսներն էլ «անհամբեր» սպասում են «ցնցուղվելու» իրենց հերթին։ Դա կառույց է, որն «էականորեն փոխեց մեր երկրի դեմքը` կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասաց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը։ Գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն էլ քաղաքացիականության և պատմական հայրենիքի դիրքերից «մոտեցավ խնդրին», երախտագիտություն հայտնեց այն բանի համար, որ «պոստ-մոդեռն սկզբունքով ավերվող մեր պատմական հուշարձանների ու հիշողության վրա հատկապես ՎՊ-ն ուշադրություն դարձրեց` կանխելով գործընթացը»:
Ի դեպ, պատգամավորներից մեկին էլ հետաքրքրում էր, թե ինչու ՎՊ-ն վերջին մարզը` Կոտայքը (մնացած մարզերը կամ վերահսկվել են, կամ դրանց վերահսկողությունն ընթացքի մեջ է) չի ներառել ծրագրում, որպեսզի մարզերի գծով հարցը փակված համարվի:
ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ եթե ՎՊ-ն կարողանա ծրագրում ներառված մարզերում աշխատանքները շուտ վերջացնել, չի բացառվում, որ ՎՊ-ի խորհրդի որոշմամբ այդ մարզում ևս վերահսկողություն իրականացվի:
Հարցի քննարկման ավարտին ՎՊ-ի նախագահը հարկ համարեց շեշտել, որ այս էլ որերորդ անգամ ԱԺ-ում Վերահսկիչին վերաբերող քննարկումներն ընդհանուր առմամբ անցնում են բավականին ակտիվ, կառուցողական և բարի մթնոլորտում:
Ափսոս, որ ՎՊ-ի վերահսկողության արդյունքները ևս «բարի մթնոլորտ» չեն ավետում, չնայած ինքը` Իշխան Զաքարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Շատ ուրախ կլինենք, որ մեր ուսումնասիրություններից հետո լավ վիճակ լինի, լավ արդյունքներ ներկայացնենք»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ